ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Не дождетесь!!!

Не дождетесь!!!
14.03.2015 | 11:56

Բավական էր՝ մարտի 5-ին Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ համատեղ ասուլիսից հետո Պուտինը Կրեմլում ու հեռուստաէկրանին չերևար, որ ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցներն ու սոցցանցերը նրան ոչ միայն պաշտոնազրկեին, այլև ուղարկեին այն աշխարհ, որտեղից ոչ ոք չի վերադառնում: ՌԴ նախագահի բացակայության, ծրագրված հանդիպումների չկայացման հավանական ու անհավանական պատճառներից ծանր ու անբուժելի հիվանդությունը ամենամեղմ տարբերակն էր: Նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը միայն ասում էր՝ հետո ինչ է անելու ՌԴ նախագահը՝ եկող շաբաթ Ղազախստան կգնա, Պետերբուրգում կընդունի Ղրղզստանի նախագահին, մեկ՝ «Երբեմն նա ավելի բաց է, երբեմն՝ ոչ, դա չի նշանակում, որ նա չի շարունակում աշխատելու ավանդույթը», բայց չէր ասում՝ որտեղ է և ինչ է անում այդ պահին։ Իսկ դա արդեն ռուսական քաղաքական կյանքում իսկապես ավանդական, Ռոմանովների դինաստիայից սկսած ու չվերջացած դավադրությունների տեսության դուռն էր բացում: Առավել ևս՝ ինչքան կարելի է խոսել ու գրել, որ ՈՒկրաինան կործանվում է, թեմա է պետք, և ՌԴ նախագահը թեման տվեց: Լրատվամիջոցները հասցրին գրել, որ նա առանձնացել է աշխարհից ու անտառում աղոթում է, անբուժելի հիվանդ է, տղա է ունեցել Շվեյցարիայում՝ Ալինա Կաբաևայից: ՈՒ՝ այդպես: Ավելին՝ ի հայտ եկավ Ռուսաստանում հեղաշրջման սցենարը՝ ՌԴ նախագահի նախկին խորհրդական, այժմ Վաշինգտոնի Կատոնի ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Իլարիոնովն իր բլոգում գրեց, որ Ռուսաստանին գլոբալ կադրային փոփոխություններ են սպասում: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևին փոխարինելու է Սերգեյ Իվանովը, իսկ Վլադիմիր Պուտինին հանգստի են ուղարկելու: «Արյան ու փողի» կուսակցությունը ծանր կորուստներ է կրել և «մեծ արյան» կուսակցության ճնշման տակ բացակայում է ճակատի ողջ երկայնքով»,- գրել է Իլարիոնովը՝ իրադարձություններն անվանելով գեներալների դավադրություն: Պարզվեց՝ Պուտինի աշխատակազմի ղեկավար Իվանովը ստացել է Ռուս ուղղափառ եկեղեցու աջակցությունը, իսկ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Պյատիգորսկում ԱԽ նիստի ժամանակ ընդունել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կապիտուլյացիան: Իլարիոնովը կարծում է, որ լուծվել է նաև «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինի, ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրաժարականի հարցը: Պուտինի նախկին խորհրդականի կարծիքով, դավադրությանը, գեներալներից բացի, մասնակցում են նաև այլ ուժայիններ: Բոլոր այս «հայտնագործությունները» միանգամից անհիմն անվանել ու դեն նետելը ամենահեշտն է, առավել ևս, որ բացառվում է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցի հեղաշրջմանը: Նախ՝ եկեղեցին երբեք Ռուսաստանում դավադրությունների մասնակից չի եղել, եղել են պատրիարքներ, որ դեմ են գնացել իշխաններին ու ցարերին, բայց չեն դավադրել երբեք: Երկրորդ՝ Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլը երբեք թույլ չի տա Ռուսաստանում խառնակության հաստատման որևէ փորձի եկեղեցու մասնակցությունը: Դա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Այո, Ֆորբսի հրապարակած ցանկում ռուս միլիարդատերերի մեկ երրորդը համարյա միլիոնատեր է դարձել և դա Ռուսաստանի պես երկրի պարագայում որևէ իշխանության հիմքերը խարխլող փաստ է, բայց՝ այդքանը, ու դեռ չի նշանակում, որ օլիգարխիան գահընկեց է անելու «ցարին» ու նրան փոխարինելու է իրեն հարմար նոր ցարով, այն էլ՝ Պուտինի աշխատակազմի ղեկավարով: Սերգեյ Իվանովը, որ վերջերս դժբախտ պատահարից կորցրեց որդուն, բնավ այն ֆիգուրը չէ, որ կարողանա այդքան գլոբալ փոփոխություններ իրականացնել: Բանակի գեներալների ապստամբությունը նույնքան անհնար է Ռուսաստանի պես երկրում՝ ռուսական բանակի գեներալները կարող են դժգոհ լինել սոցիալական վիճակից, ՈՒկրաինայի հետ պատերազմական գործողություններից, բանակում վարվող կադրային քաղաքականությունից, բայց որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դավադրություն գլխավորի կամ դավադրություն չկանխի, այն էլ Պուտինի դեմ, որ դավադրությունների մասնագետ է աշխատանքի բերումով, պարզապես մառազմ է: Բանակը, այո, կարող է հեղաշրջումներ ու հեղափոխություններ անել և անում է, ինչպես եղել է Թուրքիայում, ինչպես եղավ Եգիպտոսում, բայց այն երկրներում, որտեղ մասնակից է պետական կառավարմանը: Ռուսաստանում բանակը հեղափոխական գործոն դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, այն էլ՝ ոչ իր նախաձեռնությամբ կամ իր դավադրությամբ: Իլարիոնովյան «դավադրության» ամբողջ տեսության ամենախոցելի կերպարը վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է, բայց նրա պաշտոնանկության լուրով արդեն որևէ մեկին չես զարմացնի՝ լրատվամիջոցները նրան աշխատանքից ամեն շաբաթ հանում են, Պուտինը նրան քանի տարի պահում է՝ հակառակ տնտեսության վիճակի:

Առնետավազքը քաղաքական համակարգի մաս է: Բոլոր նրանք, ովքեր կամ համակարգում են դաշտագլորի սկզբունքով և տեր կորցնելուց հետո ինքնապահպանման համար նոր տիրոջից պիտի կառչեն, կամ ունեն անպարագիծ հավակնություններ և սպասում են պատեհ պահի՝ քայլ առաջի համար, այսպիսի անհասկանալի պահերի սկսում են ինքնապաշտպանության բնազդով գործել՝ երևան բերելով իրողություններ, որոնք այլ պարագաներում անտեսանելի էին մնալու, բայց շարունակելու էին վտանգավոր մնալ: Պուտինի ինչի՞ն էր պետք առնետավազքը: Իսկ ինչո՞ւ ոչ: Դու գնում ես քեզ համար հանգստանալու և վերադառնում ես՝ արդեն պարզած՝ դրսում ինչպես են տեսնում քո երկիրն առանց քեզ ու ինչ են անում, որ այդպես լինի, ներսում՝ ովքեր կարող են դա անել ու ինչպես: Ընդամենը մի քանի օր ու անհրաժեշտ տեղեկատվության այնպիսի հորձանք, որ նման արդյունքի չէիր հասնի այլ ճանապարհով, դու ոչինչ չես անում, քո իշխանությունը ինքնին ամրապնդվում է: ՌԴ նախագահը չի հնարել այդ միջոցը, քանիցս գործադրված ու իրեն գործով արդարացրած տարբերակ է: Ինչո՞ւ չօգտագործել օտարների փորձը: Վերջ: Իսկապես վերջ՝ մարտի 13-ին Նովոօգարյովոյում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևին: Վստահ եղեք՝ ընտրությունը պատահական չէ: Եթե պետք էր պարզապես մեկը, ում հետ հանդիպումով ՌԴ նախագահը հեռուստաէկրան վերադառնար՝ տեղեկացնելու, որ, ինչպես ինքն է ասում՝ не дождетесь, վարչապետից ու նահանգապետից սկսած մինչև Պետդումա ու որևէ նախարար, ում ասես կարող էր հանդիպել, բայց նա հանդիպել է Գերագույն դատարանի նախագահին ու ըստ kremlin. ru կայքի նաև բազում հանձնարարականներ է տվել: Արևմուտքը, Արևելքը, Հարավը, Հյուսիսը կարող են հանգիստ քնել՝ ցարը տեղում է:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. «Ֆրանս Պրեսը» տեղեկություն տարածեց, որ ապրիլի 24-ին ՌԴ նախագահը կգա Երևան, Պեսկովն էլ հաստատեց՝ այո, նա կթռչի: Ավելի լավ է՝ մտածեք, ի՞նչ է արել Անկարան Մոսկվայի դեմ, որ Պուտինը Երևան է գալիս: Կամ՝ Երևանն ի՞նչ է տալու այս այցի դիմաց, որ չտվեցին Անկարան ու Բաքուն: Ի վերջո՝ Պեսկովն ասաց, բայց Պուտինը կգա՞:

Դիտվել է՝ 1032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ